Իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի՝ այսօր կայանալիք հանդիպումից հետո կուժեղանան երկու կողմերն էլ. իշխանությունները նրանով, որ կչեզոքացնեն ՀԱԿ-ին եւ վերջինս այլեւս իրենից վտանգ չի ներկայացնի, իսկ ՀԱԿ-ը՝ նրանով, որ բանակցությունների սեղանի շուրջ կնստի կոալիցիոն ուժերի հետ։ Հուլիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը։
«ՀԱԿ-ն իշխանության հետ կառուցողական փոխզիջման է գնում, իսկ դա նշանակում է, որ «արմատական» բառն այդ ուժի դեպքում այլեւս չպետք է գործածվի, նմանապես չպետք է գործածվի նաեւ «ողջ ընդդիմություն» արտահայտությունը, քանի որ ՀԱԿ-ից բացի գոյություն ունեն ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական այլ ընդդիմություններ, որոնք ՀԱԿ-ի հետ չեն»,- նկատեց Կարապետյանը։
Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության հնարավոր արդյունքներին՝ ԺԿ նախագահը կարծիք հայտնեց, որ «շահեր կլինեն ապագա համակարգի ձեւավորման շուրջ»։ «Այսօրվա խորհրդարանական ուժերը ՀԱԿ-ին կտեղավորեն իրենց շարքերում։
Իշխանությունը մտածել է՝ ավելի լավ է նրան ամբիոն տալ խորհրդարանում, քան` փողոցում։ Եւ հիմա արդեն երեւում է, թե ով ում մարդն է։ ՀԱԿ-ն արդեն 3 տարի է ասում է. ժամանակը սպառվել՝, մնաց 30 օր, մնաց 20 օր, բայց հիմա նստել է իշխանությունների հետ բանակությունների սեղանի շուրջ։ Այդքան ցածր իջնելը, կարծում եմ, օգուտ չէ»,- շեշտեց ԺԿ նախագահը՝ ավելացնելով, որ բանակցությունների դիրիժորը լինելու է ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ամփոփելով՝ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ երկխոսությունը դրական կարող է լինել միայն իշխանության եւ ՀԱԿ-ի համար, մինչդեռ ժողովրդի համար այն բացասական է:
Նշենք, որ իշխանություն-ընդդիմություն առաջին հանդիպումը, ի դեմս երկու կողմերի կազմած պատվիրակությունների, տեղի կունենա այսօր՝ հուլիսի 18-ին:




























