Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ նրա թիմը մասնակցելու են ընտրություններին՝ լինեն դրանք հերթական, թե` արտահերթ։ Այս մասին նա հայտարարեց հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ինչ վերաբերում է քաղաքական դաշինքներին, ապա Ժողովրդական կուսակցությունը նման քայլի կգնա միայն սկզբից մինչեւ վերջ սկզբունքայնություն ցուցաբերած ուժերի հետ»,- հայտարարեց Կարապետյանը։

Ամփոփելով՝ ԺԿ նախագահը նկատեց, որ արտահերթ ընտրությունների հավանականությունը շատ փոքր է, քանի որ այդ հարցը դրված չէ որպես անկյունաքար։ «Արտահերթ ընտրությունների հարցը դրվում է, որպեսզի իշխանություն-ընդդիմություն բանակցությունները որոշակիորեն լեգիտիմանան»,- համոզմունք հայտնեց Տիգրան Կարապետյանը։

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախանշված են 2012 թվականի մայիսին։