Հայաստանի 440 խոշոր հարկատուները 2011 թ. մայիսին պետական բյուջե են մուծել 20 մլրդ դրամ հարկ, որն ընդհանուր հարկային եկամուտների մոտ 60 տոկոսն է: Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հաղորդագրությունում:

Հատկանշական է, որ ապրիլի համեմատ խոշոր հարկատուները զգալիորեն ավելի քիչ հարկ են վճարել: Այսպես` ըստ նույն աղբյուրի, ապրիլին վճարվել էր մոտ 26 մլրդ դրամ հարկ, կամ ընդհանուր հարկային մուտքերի 62.3 տոկոսը:

Նշենք սակայն, որ խոշոր հարկատուների շրջանում շրջանառության անկում չկա: Այսպես` մայիսին իրացումից հասույթը կազմել է մոտ 169 մլրդ դրամ` մոտ 4 մլրդ դրամով ավելի, քան` ապրիլին:

Ամենայն հավանականությամբ` վճարված հարկերի անկումը պայմանավորված է նրանով, որ ապրիլին կազմակերպությունները պետք է շահութահարկի գծով վերջնահաշվարկ կատարեն: