Հայ ազգային կոնգրեսի եւ իշխող կոալիցիայի միջեւ բանակցությունները տեղի են ունենում հնդկական կինոյի ձեւաչափով: Այս մասին լրագրողների հատ հանդիպման ժամանակ հուլիսի 18-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ՀԱԿ-կոալիցիա` այսօր տեղի ունենալիք հանդիպման փաստը: «Ես հայկական սերիալներ չեմ դիտում եւ դրանք չեմ մեկնաբանում: Սակայն, հանդիպումը տեղի կունենա հնդկական կինոյի ձեւաչափով, երբ միմյանց կորցրած երկու եղբայրներ կգտնեն միմյանց, իրադարձությունները կզարգանան համաձայն սցենարի»,-կեսկատակ հայտարարեց Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը միաժամանակ ընդգծեց, որ այսօր տեղի ունենալիք հանդիպումը ոչ մի կապ չունի հասարակության խնդիրների հետ, քանի որ այս ընթացքում հասարակությանը հուզող եւ ոչ մի խնդիր չի լուծվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, հուլիսի 18-ին տեղի կունենա կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունների հանդիպումը «Էրեբունի պլազա»-հյուրանոցում:




























