Բաքուն պատասխանել է ԼՂ հարցով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկություններին, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաընկերությունը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իր Մոսկվա այցելության ժամանակ Բաքվի պատասխանը հանձնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Լավրովի եւ Մամեդյարովի համատեղ ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է. «Մենք պետք է սպասենք նույն առաջարկությունների վերաբերյալ Հայաստանի պատասխանին, բայց կարծում ենք, որ բանակցություններում առկա է առաջընթաց: Մենք շարժվում ենք դեպի այն կետը, երբ բոլորը կհասկանան, որ ներկա վիճակը չի բավարարում ոչ մեկին, այդ թվում նաեւ մեր հարեւաններին»: Նրա խոսքով, տարածաշրջանի համար կարեւոր է կայունությունը, առաջին հերթին Ադրբեջանին ու Հայաստանին»:

Իր հերթին, Սերգեյ Լավրովը նկատել է, որ Ռուսաստանը` Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ միասին, օգնում է պետություններին ԼՂ խնդրի լուծում գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարը հուլիսի 8-ին ԼՂ հարցով Մեդվեդեւի առաջարկներն անձամբ ներկայացրել է Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին` իր Երեւան եւ Բաքու կատարած այցի ժամանակ:
Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Երեւանում մտադիր են քննարկել այդ առաջարկները Հայաստանի ղեկավարության հետ: