Հայաստանում վերջին տարիներին զարգանում է այսպես կոչված ճամփորդական ապահովագրությունը: Ըստ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանի` այն իր մեջ ներառում է բժշկական ապահովագրությունը, ուղեբեռի կորստի ապահովագրությունը եւ պատասխանատվության ապահովագրութունը (երբ ապահովագրվածը այլ երկրում վնաս է պատճառում երրորդ անձանց):

Այդ տեսակներից առավել տարածված է բժշկական ապահովագրությունը: Մասնավորապես` Շենգենյան երկրները բոլոր զբոսաշրջիկներից ու այցելուներից պարտադիր պահանջում են բժշկական ապահովագրություն: Հարկ է նշել, որ ապահովագրական վճարն այնքան էլ բարձր չէ` Շենգենյան երկրներում օրական 450 դրամ, Թուրքիա այցելելիս` 350 դրամ: Փոխարենը` կարելի է մինչեւ 30 հազ. եվրոյի չափով բուժօգնություն ստանալ, սկսած արեւայրուքների հետեւանքները վերացնելուց, վերջացրած կոտրվածքները բուժելով: Մահվան դեպքում ապահովագրական ընկերությունը ապահովում է դիակի վերադարձը հայրենիք:

«Ինգո Արմենիան» երաշխավորում է ապահովագրական հատուցումը նույնիսկ այն երկրներում, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ; Ա. Մելիքսեթյանի տեղեկացմամբ` «Ինգո Արմենիան» համագործակցում է «Էքսպրես Ասիստ» ընկերության հետ, որը լայն ցանց ունի աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ա. Մելիքսեթյանը տեղեկացրեց նաեւ, որ հայկական տուրօպերատորները զբոսաշրջային փաթեթներ վաճառելիս պարտադիր ներառում են նաեւ ապահովագրական գումարը: