«Ժառանգություն» կուսակցությունն իր գործողություններն այնպես է դասավորում, որպեսզի հնարավոր լինի ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցություն ձեւավորել։ Հուլիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով քաղաքական դաշտում երրորդ ուժի ձեւավորման հնարավորության մասին հարցին։
«Ես մեր համագործակցությունը պատկերացնում եմ այն քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ անհատների հետ, որոնց համար գլխավոր խնդիրը ոչ թե իշխանափոխությունն է, այլ համակարգային փոփոխությունները»,- հայտարարեց պատգամավորը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է միայն Հայ ազգային կոնգրեսին հաջողվում հանրահավաքներին ժողովրդական մեծ զանգված հավաքել, Մարտիրոսյանը նշեց, որ հանրահավաքներին մասնակցող մարդկանց թիվը զգալիորեն նվազել է։




























