«Շիրակ կենտրոնն» անդրադարձել է Հայաստանի վրչպետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե գյումրեցիներից շատերը կողմ են Մինասի 4 որմնանկարների Երեւան տեղափոխմանը:
«Շիրակ կենտրոնի» հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Անցած շաբաթ օրը Արթիկ քաղաք եւ հարակից մի շարք գյուղեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարած այցի ժամանակ մի խումբ գյումրեցիներ Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով ցուցապաստառներով դիմավորեցին նրան, ինչպես նաեւ նույն պահանջով նամակ հանձնեցին վարչապետին: Ցուցապաստառների վրա գրված էին հետեւյալ կոչերը. «Վերադարձրեք մեր 4 որմնանկարները» , «Մինասը մեզ, Հասմիկը` Ձեզ»:
Վարչապետը Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով իրեն դիմած գյումրեցիներիս խոստացավ քննարկումներ անցկացնել եւ պատասխանել նախորդ ամիս հազարավոր քաղաքացիների ստորագրություններով իրեն ուղարկված` Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու պահանջագրին:
Այնուհետեւ նույն այցի ընթացքում, Արթիկի մշակույթի տանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նրանցից մեկի` Մինասի որմնանկարները վերադարձնելու խնդրի մասին հարցին պատասխանելով, վարչապետն ասաց, թե ինքը համոզված է, որ հազարավոր գյումրեցիներ էլ համաձայն են որմնանկարները փրկելու նպատակով Երեւան տեղափոխմանը:
Հաստատ ինչ-որ մեկը վարչապետին գցել է թյուրիմացության մեջ, երբ հուշել է, թե ինքը հազարավոր համակիրներ ունի Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու հարցում:
Որմնանկարները տեղափոխելուն դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի կողմից արդեն իսկ մեկ ամսվա ընթացքում հավաքվել է մոտ 8 000 ստորագրություն, որից շուրջ 5000-ը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն կից գրությամբ անցած ամիս է վարչապետին ուղարկել, եւս 2106 ստորագրությամբ պահանջագիր էլ այսօր ուղարկվեց: Իսկ հետաքրքիր է` հարգարժան վարչապետը կարող է արդյոք ցույց տալ որմնանկարները տանելուն կողմ գոնե մեկ տասնյակ գյումրեցիների կողմից ստորագրված որեւէ գրություն: Հաստատ համոզված եմ, որ չի կարող, պարզապես իրեն ինչ-որ մարդիկ, հավանաբար` մշակույթի նախարարությունից, գցել են թյուրիմացության մեջ: Այնպես որ վարչապետին մնում է մեկ տարբերակ, այն է` որքան հնարավոր է արագ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում եւ Գյումրիից տարված չորս որմնանկարները վերադարձնել օրինական տիրոջը` գյումրեցիներին»:
Այնուհետեւ նշվում է, որ hամապետական երկու կարեւոր ընտրություններից առաջ, ՀՀԿ-ն եւ հատկապես ՀՀ նախագահը լուրջ խնդիրներ են ունենալու` Գյումրիի բնակչության մշակութային իրավունքների կոպիտ ոտնահարման պատճառով:




























