Գարեգին Բ-ն հուլիսի 17-ին, Մայր Աթոռում ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին, որի ընթացքում նրանք անդրադարձել են միջպետական, մշակութային եւ հոգեւոր ոլորտներում երկու ժողովուրդների բարեկամությանը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Ժերար Կոլոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ իր համար մեծ ուրախություն է Հայաստան այցելելը:

Հանդիպմանը Գարեգին Բ-ն նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են զարգանում, իսկ տարբեր քաղաքների միջեւ կապերը սերտանում են եւ ձեւավորվում են  համագործակցության նոր հեռանկարներ:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին:

Այս առնչությամբ կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանություններին` ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի զավակներին ընդունելու եւ նրանց` կյանքի վերակազմակերպման  ու երկրի կյանքին լիարժեք մասնակցության հնարավորություններ   ընձեռելու համար:

«Մեր ժողովուրդը երախտապարտ է ֆրանսիայի իշխանություններին նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար», - նշել է Գարեգին Բ-ն` հավելելով, որ հայ ժողովուրդը շարունակելու է հետամուտ լինել ցեղասպանության ճանաչմանը, որպեսզի արդարությունը հաղթանակի, եւ երբեք նման ոճիր այլեւս տեղ չգտնի մարդկության կյանքում: