Թեեւ գյուղատնտեսությունը Հայաստանի ՀՆԱ-ում բավական մեծ կշիռ ունի (մոտ 10 տոկոս), Հայաստանը համարվում է միրգ ու բանջարեղեն ներմուծող երկիր:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` 2010 թ. Հայաստանը արտահանել է 9 հազ. տոննա միրգ` 6.8 մլն դոլար արժեքով, եւ ներմուծել 32 հազ. տոննա միրգ` 43 մլն դոլար արժեքով; Զուտ ֆիզիկական ծավալներով` Հայաստանը 3.5 անգամ ավելի շատ միրգ է ներմուծում, քան` արտահանում է:
Ընդ որում` նախորդ տարվա անբերրիությունը մրգերի արտահանման եւ ներմուծման ծավալների վրա էականորեն չի ազդել` այդ ցուցանիշներն էապես չեն տարբերվում 2009 թ. ցուցանիշից:
Եթե Հայաստանից արտահանվող մրգի 1 կգ-ի միջին մաքսային արժեքը 0.75 դոլար է (մոտ 280 դրամ), ապա ներմուծվող մրգինը` 1.3 դոլար (մոտ 500 դրամ):
Հայաստանը հիմնականում ներմուծում է ցիտրուսայիններ ու բանան, այդ պատճառով հիմնական մատակարարող պետություններն են 2010 թ. տվյալներով Էկվադորը (8.3 մլն դոլար), Վրաստանը (7.8 մլն դոլար) եւ Հունաստանը (7 մլն դոլար):
Նշենք, որ Թուրքիայի վերաբերյալ առանձին վիճակագրություն չկա, թեեւ այդ երկրից նույնպես մեծ քանակությամբ ցիտրուսայիններ են ներկրվում: Հավանաբար` Թուրքիայի տվյալները ներառվում են Վրաստանի տվյալների մեջ: Մեծ քանակությամբ միրգ ենք ներմուծում նաեւ Իրանից` մոտ 3.3 մլն դոլար:
Հայկական շուկայում մրգի խոշոր մատակարարներ կարելի է համարել նաեւ Եգիպտոսին եւ Հարավաֆրիկյան հանրապետությանը (մեկական միլիոն դոլար):
Հայկական միրգը հիմնականում արտահանվում է դեպի Ռուսաստան` 2010 թ. 6.3 մլն դոլարի չափով (90 տոկոսից ավելին): Դեպի մյուս երկրներ արտահանումները շատ փոքր թիվ են կազմում:
Այսպես` երկրորդ տեղում Ուկրաինան է` ընդամենը 195 հազ. դոլար, երրորդում` Բելառուսը` 105 հազ. դոլար: Միրգ արտահանում ենք նաեւ Իրաք, Հունգարիա, Շվեյցարիա, Վրաստան:
Սամվել Ավագյան




























