Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք արդյունավետ համագործակցություն իրականացնել այդ երկրի իրավապահ մարմինների հետ` թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Այդ մասին նշված է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ զեկույցում, որը Հայաստանի ԱԳՆ-ի կողմից ներկայացվել է կառավարության հաստատմանը:
Ըստ զեկույցի` Թուրքիայի որոշակի համագործակցություն իրականացվում է միայն Ինտերպոլի միջոցով:
Հետաքրքրություն ներկայացնող մյուս պետությունների հետ փոխհամագործակցությունը գնահատվել է դրական: Մասնավորպես` 2009, 2010 թվականների ընթացքում ակտիվ փոխհամագործակցություն է իրականացվել Ռուսաստանի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Նիդերլանդների, Բելգիայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Եմենի, Իտալիայի իրավապահ մարմինների հետ:
Զեկույցում նշված է, որ 2008 թ. Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 34 անձ` 31 կին եւ 3 երեխա: Կանայք տուժել են սեռական շահագործման, երեխաները` հարկադիր աշխատանքների պատճառով: Ընդ որում` երեխաների շահագործումը տեղի է ունեցել Հայաստանի ներսում, իսկ սեռական շահագործումը` Հայաստանի սահմաններից դուրս:
Թրաֆիքինգի դեմ պայքարի համար պետական բյուջեից 2009 թ. նախատեսվել է 370 մլն դրամ, սակայն կատարողականը կազմել է 12 տոկոս, պայմանավորված հիմնականում մանկատան երեխաների համար բնակարանների գնման ծրագրի կասեցմամբ:



























