Բաքվում հանկարծ «հիշել են» Հարավային Կովկասում ռուսական ներկայության մասին,  «անհանգստացել» ու բարձրաձայնել այդ մասին:

Ադրբեջանի նախագահի ԼՂ խնդրի կարգավորման հարցով անձնական ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը «Էխո Մոսկվիին» հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն անհանգստացած է Հայաստանում ռուս զինվորականների ներկայությամբ»: Նրա կարծիքով, Ռուսաստանը պետք է Հարավային Կովկասում իր ներկայությունը միլիտարիստական հայեցակարգըփոխարինի տնտեսականով, հաղորդում է 1news.az-ը:

«Ավաղ, Ռուսաստանը անհրաժեշտ է համարում իր զինված ուժերն ունենալ Հայաստանում: Մենք գնալով ավելի ու ավելի քիչ հիմք ենք տեսնում նման միլիտարիստական հայեցակարգի համար: Եկել է տանկերը տանկերներով փոխարինելու ժամանակը, այսինքն ռազմական ներկայությունը` տնտեսականով»,- ասել է նա: Այնուհետեւ Ազիմովը «բացատրում է» իր նախորդ հայտարարության նպատակը: Ըստ նրա, «Ռուսաստանի շահերից է բխում համոզել Հայաստանին` ընդունել կառուցողական առաջարկները, որոնք հնչում են բանակցություններում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, բացի այդ պետական սահմանի մի մասն իրականացվում է ռուս սահմանապահների օգնությամբ:

Արազ Ազիմովի նման հայտարարությունն, ըստ էության, բացի Հայաստանի ներքին գործերին խառնվելուց, նպատակ ունի նաեւշանտաժի ենթարկել Մոսկվային եւ նվազեցնել նրա միջնորդական դերը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: