«Հարսնացուն կդիմադրի, քացի կտա, նույնիսկ կկծի, ոստիկանություն կկանչի, կճչա, բայց դուք ուշադրություն մի դարձրեք. Դա հին գեղեցիկ ավանդույթ է»: «Կովկասի գերուհին»  ֆիլմի հայտնի արտահայտությամբ, այսօր` հուլիսի 19-ին ասուլիսում իր խոսքն սկսեց գրող-հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը, դրանով բնութագրելով իշխող կոալիցիայի պատվիրակության վարքը ՀԱԿ-ի հետ երկխոսության հարցում (այդ երկխոսությունն սկսվել է հուլիսի 18-ին):

Պասկեւիչյանի կանխատեսմամբ, իշխանություն-ՀԱԿ բանակցություններրը կարող են տեւել մեկ օր կամ մեկ ամիս, քանի դեռ իշխանությունը չի համաձայնել արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին:

«Իշխանությունների հետ բանակցություններում ՀԱԿ-ի միակ պահանջն արտահերթ ընտրություններն են, որին ՀԱԿ-ն ուզում է հասնել բանակցային ճանապարհով: Եթե իշխանությունները չհամաձայնեն այդ պահանջին, ՀԱԿ-ը դուրս կգա բանակցային գործընթացից եւ այդ ժամանակ արդեն ՀԱԿ-ը ոտքի կհանի ժողովրդին եւ հեղափոխություն կիրականացնի»,- ընդգծել է Պասկեւիչյանը:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ իշխանություններն, ի վերջո, արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կկայացնեն:

Նման վստահության համար Պասկեւիչյանին հիմք է տալիս իշխանության ներսում ունեցած իր ընկերների տեսակետները, որոնց ներկայացմամբ, իրավիճակն ավելի վատ է, քան թվում է կողքից: «Ես այդքան լ լավատես չեմ, որպեսզի կարծեմ, որ իշխանությունն անմիջապես կհամաձայնի արտահերթ ընտրություններին: Սակայն, այսպես թե այնպես, իշխանությունը համաձայնելու է դրան»,- ամփոփել է ընդդիմադիր հրապարակախոսը: