Հայ ազգային կոնգրեսի համար անակնկալ էր այն, որ կոալիցիայի ներկայացուցիչներից բաղկաղած աշխատանքային խումբը ՀԱԿ-ի հետ հանդիպման էր եկել ընդլայնված լիազորություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով ձեւավորված ՀԱԿ պատվիրակության անդամ, ՀԺԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը` ամփոփելով հուլիսի 18-ին «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած  ՀԱԿ-ի եւ կոալիցիայի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հանդիպման արդյունքները:

Նա նշեց, որ թեեւ ՀԱԿ-ը սկզբում հայտարարում էր, որ  կոալիցիայի ներկայացրած աշխատանքային խումբն այն խումբը չէ, որի հետ ՀԱԿ-ը  պատրաստ է քննարկել իր գլխավոր նպատակները, սակայն. «Մարդիկ եկան, եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցին, որ ունեն բոլոր լիազորությունները եւ պաշտոնապես հայտարարեցին, որ ներկայացնում են եւ կոալիցիան, եւ գործադիր իշխանությունը, եւ Հանրապետության նախագահին: Սա մեզ համար անակնկալ էր` դրական իմաստով»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Հարցին, թե միայն բանավոր հավաստիացումը բավարա՞ր է, որպեսզի Կոնգրեսը շարունակի բանակցային գործընթացը, Ֆելիքս Խաչատրյանն արձագանքեց. «Բավարար է այն իմաստով, որ այդ խմբում «անչափահասներ» չկան, եւ նրանք ի լուր ամենքի հայտարարեցին, որ  որ լիազորված են ղեկավարի (ՀՀ նախագահի) կողմից: Եթե  նրա անունից մինչեւ այժմ հակառակ պնդումը չի եղել, նշանակում է` նրանք իսկապես լիազորված են: Մենք էլ, ստանալով այդ հավաստիացումը, եւս մեկ անգամ կքննարկենք այդ խմբի հետ մեր հետագա անելիքները, թե ինչպես ենք ներկայացնում մեզ հուզող հիմանական հարցի լուծումը` արտահերթ ընտրությունների անցկացումը»,-հայտարարեց ՀԺԿ ներկայացուցիչը`ակնկալելով, որ իշխանությունների ձեւավորած պատվիրակության հետ աշխատանքը կունենա շարունակական, կառուցողական բնույթ:

Ըստ Խաչատրյանի` իշխանությունները եւս հասկացել են, որ արտահերթ ընտրությունների անցկացումը վաղուց հասունացած պահանջ է: «Ինչ վերաբերում է մանր ու մեծ պաշտոնյաներին, ովքեր մի գլուխ հայտարարում են, թե արտահերթ ընտրություններ  հնարավոր չէ անցկացնել, թե` «տուն-տունիկ ենք խաղում», ապա հարկավոր է վերջ տալ այդ անլուրջ խոսակցություններին: Տեսա՞ք, թե ով է այդ խաղը խաղում»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը: Նրա կանխատեսմամբ` եթե մինչեւ սեպտեմբեր ՀԱԿ-ն ու իշխանությունն ընդհանուր հայտարարի գան, ապա հոկտեմբերի կեսերին, ըստ Սահմանադրության, տեղի կունենան արտահերթ ընտրություններ, ցանկալի է`սկզբում նախագահական: «Անգամ մեկ օր շուտ այդ ընտրությունների անցկացումը բխում է Հայաստանի շահերից»,-նկատեց Խաչատրյանը: