Իշխանություններն ընդդիմության հետ քնարկելու են բոլոր այն խնդիրները, որոնք կարող են նպաստել ընտրություներն առավել արդյունավետ անցկացնելուն։ Հուլիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ու հավելեց. «Միաժամանակ, չեն ընդունվելու եւ ՀԱԿ-ի հետ չեն քննարկվելու անհասկանալի քմահաճույքի արդյունքում ծնված հարցերը»:

«Իշխանությունը գտնում է, որ երկրի ներսում առկա խնդիրները պետք է լուծվեն ոչ թե կռիվների եւ իրար հերքելու, այլ կարծիքների համադրելու եւ մարտահրավերները դիմագրավելու ճանապարհով»,- նկատեց նա։

ՀՀԿ-ական պատգամավորը միաժամանակ չբացառեց, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը մի օր կարող է հանգեցնել Հայաստանի առաջին եւ երրորդ նախաահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի դեմառդեմ հանդիպմանը։

Նման հնարավորությունը չբացառեց նաեւ ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 18-ին կայացել է իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսության առաջին հանդիպումը: Հանդիպումից հետո երկու ճամբարների ներկայացուցիչներն էլ լրագրողներին հայտնել են, որ քննարկում, որպես այդպիսին, չի եղել: Հանդիպման ընթացքում ներկայացվել են միայն կողմերի դիրքորոշումներն այս կամ այն արդիական խնդրի վերաբերյալ: Հաջորդ հանդիպումների օրակարգը եւս չի հստակեցվել: