«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը (որը նրա գնահատմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ ներկայացում) ոչ մի արդյունքի չի կարող հանգեցնել, ավելին, այժմ ձգձգումների գործընթաց է սկսվել, որը, ըստ նրա, կտեւի մինչեւ սեպտեմբեր։ Նման համոզմունք «Ժառանգության» ներկայացուցիչը հայտնեց հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Սեպտեմբերից հետո Հայ ազգային կոնգրեսը կվերականգնի իր լեքսիկոնը՝ ավազակապետերի, թաթար-մոնղոլների, գողերի ու ավազակների մասին, եւ ուղիղ գծով կգնա դեպի ընտրություններ»,- տեսակետ հայտնեց Ռուբեն Հակոբյանը՝ միաժամանակ նկատելով, որ ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ի դիրքերը շահեկան են մի տեսանկյանունից, այն է, այդ ուժը կարողացավ այս 3 տարիների ընթացքում կազմալուծել ընդդիմադիր դաշտը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով, ՀԱԿ-ը լավ է հասկանում, որ արտահերթ ընտրությունների մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ «Բայց այդ թեման անընդհատ բարձրաձայնելը ժողովրդի զգացմունքները գողանալու մի ձեւ է, եւ իր այս քայլով ՀԱԿ-ը ապահովում է ընդդիմադիր դաշտում միակը լինելու գործոնը։ Մյուս կողմից, ՀԱԿ-ի կեցվածքից լավագույնս օգտվեց իշխանությունը։ Վերարտադրվելու համար իշխանությունն այս պահին ամենից շատ ՀԱԿ-ի կարիքն ուներ, եւ վերջինս երկխոսության իր իմիտացիայով կարողացավ ապահովել իշխանության սպասելիքները»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը։




























