Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի բանակցությունները արեւելյան շուկայի առեւտուր են հիշեցնում։ Հուլիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
«Բանակցային գործընթացը պարսկական շուկայի տպավորություն է թողնում։ Այս դեպքում երկու կողմերը միաժամանակ ե՛ւ վաճառողներ են, ե՛ւ գնորդներ։ Իշխանությունը նպատակ է հետապնդում հեղինակազրկել ՀԱԿ-ին, իսկ վերջինս էլ իր հերթին ցանկանում է ասել ժողովրդին՝ «մենք նույնիսկ երկխոսության գնացինք իշխանության հետ, սակայն իշխանությունները չեն ցանկանում փոխվել, եւ հետեւաբար մենք կշարունակենք պայքարել»,- հայտարարեց Ավետիքյանը։
Նրա խոսքով, ՀԱԿ-ն իշխանությունների համար անընդունելի աառավելագույն պայմաններ է առաջադրում։ Իշխանությունն իր հերթին երկխոսություն է առաջարկում, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է գնալ ՀԱԿ-ին անհրաժեշտ կոնկրետ քայլերի:
Ավետիքյանի գնահատականով, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցությունները նոր երեւույթ են, որին կարելի է դրական վերաբերել։




























