Դեռեւս պարզ չէ՝ կշարունակվի՞ արդյոք իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը, սակայն իշխող կուսակցություները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ գործընթացը հաջողությամբ պսակվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար կազմված իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, խորհրդարանի ֆինանսաբյուջետային  հարցերով հանձնաժողով նախագահ Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով, եթե ՀԱԿ-ի հետ երկխոսությունը հաջողությամբ չպսակվի, ապա իշխանությունները ստիպված կլինեն առավել լուրջ խնդիրներ եւ առաջադրանքներ հաղթահարել։ Մինասյանը միաժամանակ ընդգծեց, որ երկխոսության հիմնական խնդիրը բարձրացված բոլոր հարցերը քննարկելն է՝ չփորձելով ինչ-որ բան քողարկել, եթե անգամ խոսքն արտահերթ ընտրությունների մասին  է։ «Ընդդիմությունն ասում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրություններն են, իսկ մենք էլ ասում ենք, որ այլ ճանապարհներ էլ կան։ Կարեւոր է այդ մոտեցումների միավորում գտնել»,- ասաց Մինասյանը։