Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից Հայաստանի քաղաքացին եւ իր պետությունը հազիվ թե շահ ունենա: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Էջմիածին քաղաքում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Թող որ բեմականացում չլինի, ոչ էլ կառավարվող դիպաշար. նրանց ամենաբարին մաղթելով` մենք արդեն տեսել ենք, որ կողմերը շատ ավելի ընդհանրություն ունեն, քան տարբերություններ»,- ասել է նա:

Նա իր բացասական վերաբերմունքն է հայտնել նաեւ ԿԸՀ անդամների ընտրության վերաբերյալ` նշելով, որ հերթական անգամ ընդդիմությունը, ուստիեւ ժողովուրդը, մեկուսացվում է քաղաքական գործընթացներից:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել. «Մինչեւ մեր կյանքի վերջին կաթիլը` չընկրկենք եւ Հայաստան երկիրը դարձնենք մե՛րը` հանուն ապագա սերունդների»:

Նա քաղաքացիներին հորդորել է մասնակից լինել իշխանության ձեւավորմանը` նշելով, որ ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչ պետություն է ուզում, իսկ երկիրն ու նրա վիճակը փոխելու համար քաղաքացիական միասնական զորաշարժ է պետք:

Նշենք, որ Էջմիածնում տեղի բնակիչների հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Անահիտ Բախշյանը, Կարինե Հակոբյանը եւ Սուսաննա Բարխուդարյանը: