Երեւանի Ավագանում այսօրվա` հուլիսի 19-ի արտահերթ նիստում միաձայն հավանություն է տվել Երեւանի բյուջեում փոփոխություն կատարելու եւ, ըստ այդմ, պահուստային ֆոնդից «Երեւան» հիմնադրամին գումար հատկացնելու մասին որոշման նախագծին:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետը նշել է, որ գումարները կծախսվեն անկախության օրվան եւ «Երեւանի օր» տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում կստեղծվեն Երեւան քաղաքի համար կարեւոր գեղագիտական արժեքներ:

Ավագանու որոշմամբ, գումար կհատկացվի նաեւ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1–ին, 5 եւ 6–րդ դասարանի աշակերտների համար գրենական պիտույքների ձեռքբերման նպատակով:

Երեւանի ավագանին հավանությանն է արժանացրել նաեւ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների բյուջետային փոփոխության առաջարկությունը, ըստ որի երկարացվում են մանկապարտեզների աշխատաժամերը` նոր հաստիքների , ինչպես նաեւ վարիչների աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված:

Ավագանին միաձայն հավանություն է տվել նաեւ «Երեւան Տրանսպորտ Օփերեյշն» ՍՊԸ ստեղծելու մասին» Երեւանի ավագանու որոշման նախագծին: Ընկերությունը կզբաղվի վճարովի ավտոկայանման ավտոմատացված կայանատեղերի միջոցով կայանման կառավարման համակարգի ներդրմամբ: Նախատեսվում է մայրաքաղաքում տեղադրել շուրջ 400 ավտոկայանման սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կսպասարկի 24 կայանատեղի: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կգործի շուրջ 9600 ավտոկայանատեղ: Գործարարության առաջին տարվա ընթացքում ընկերությունը կապահովի 36 աշխատատեղ, ինչն առաջիկայում կավելանա` հասնելով 84–ի: