Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Ֆրանսիայի Լիոնի քաղաքապետի Ժերար Կոլոմբի (Gerard Collomb) հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը կարեւորել է հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը` մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները:
Կողմերն անդրադարձել են 2010թ Երեւանում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին` նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում ֆրանսահայ համայնքի կարեւոր ներդրումը: Այս կապակցությամբ Ժերար Կոլոմբն ընդգծել է ֆրանսահայերի ներդրումը Ֆրանսիայի եւ իր կողմից ղեկավարվող քաղաքի զարգացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ժերար Կոլոմբը, գոհունակություն հայտնելով Երեւանի եւ Լիոնի միջեւ ակտիվ համագործակցության կապակցությամբ, անդրադարձել են այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքների գլխավոր ասամբլեայի նախապատրաստական աշխատանքներին:




























