Հարավից Ճապոնական արշիպելագին մոտեցած հզոր «Մա-ոն» թայֆունը Սիկոկու կղզում եւ Կի թերակղզում ուղեկցվում է հորդառատ անձրեւներով ու ուժգին քամիներով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:
Քամու արագությունը հզոր թայֆունի էպիկենտրոնում կազմում է 35-40 մետր վայրկյանում: Թայֆունը գտնվում է Սիկոկու կղզու վրա, բոլոր պրեֆեկտուրաներում այսօր գրանցվել է ռեկորդային քանակության տեղումներ (մինչեւ 500 մմ): Հորդառատ անձրեւներ են տեղում նաեւ Հոսնյու կղզու Վակամայա եւ Միե պրեֆեկտուրաներում: Երկրի 10 պրեֆեկտուրաներում սելավների եւ սողանքների հետեւանքով վնասվածքներ է ստացել 32 մարդ:
Հարավային նահանգներում արդեն չեղյալ են համարվել ավիաթռիչքները, դադարեցվել է լաստանավային հաղորդակցությունը, մի շարք շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրաէնեգիայի մատակարարումը: Սիդզուոկա պրեֆեկտուրայում երեկվանից փակ է «Տոմեյ» ավոտմայրուղու մի հատվածը, որն անցնում է օվկիանոսի ափով: Պատճառը մինչեւ 6 մետրի հասնող ալիքներն են:
Ճապոնիայի բազմաթիվ շրջաններում հորդառատ անձրեւները կտեւեն մինչեւ հինգշաբթի:



























