Իսրայելը Amnesty International-ին կոչ է արել չհրապարակել իրեն ապարտեիդի մեջ մեղադրող առաջիկա զեկույցը՝ հայտարարելով, որ Լոնդոնում գործող միջազգային իրավապաշտպան խմբի բացահայտումները «կեղծ են, կողմնակալ եւ հակասեմական», հաղորդում է AP-ն:

Ակնկալվում է, որ Amnesty-ն կմիանա Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch-ին եւ իսրայելական «Բեցելեմ» իրավապաշտպան խմբին՝ մեղադրելով Իսրայելին ապարտեիդի միջազգային հանցագործության մեջ՝ հիմնված նրա հողերի մոտ 55-ամյա ռազմական օկուպացիայի վրա, որտեղ պաղեստինցիները ցանկանում են ստեղծել ապագա պետություն, ինչպես նաեւ արաբական փոքրամասնության նկատմամբ սեփական վերաբերմունքի հետ կապված։

Իսրայելը հերքել է մյուս զեկույցները՝ որպես կողմնակալ, սակայն այս անգամ շատ ավելի թշնամական դիրքորոշում է որդեգրել: Արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն ասել է, որ Իսրայելն այս տարի միջազգային կազմակերպություններում որպես ապարտեիդի պետություն որակվելու ավելի շատ ջանքեր է ակնկալում եւ հույս ունի կանխել դրանք:

Նրա խոսքով՝ Amnesty-ն «պարզապես հերթական արմատական կազմակերպությունն է, որը կրկնում է քարոզչությունը՝ առանց փաստերը լրջորեն ստուգելու» եւ «կրկնում է նույն կեղծիքները, որոնք տարածում են ահաբեկչական կազմակերպությունները»։

«Իսրայելը կատարյալ չէ, բայց մենք ժողովրդավարական երկիր ենք, որը հավատարիմ է միջազգային իրավունքին, բաց է քննադատության համար, ունի ազատ մամուլ եւ ուժեղ ու անկախ դատական համակարգ»,- ասել է Լապիդը:

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Amnesty-ի զեկույցը «ժխտում է Իսրայել պետության՝ որպես հրեա ժողովրդի ազգային պետություն գոյություն ունենալու իրավունքը»: «Նրա ծայրահեղական լեզուն եւ պատմական համատեքստի խեղաթյուրումը նպատակ ունի դեմոնիզացնել Իսրայելին եւ յուղ լցնել հակասեմականության կրակի վրա»,- հավելել են դրանում:

Ո՛չ HRW-ն, ո՛չ էլ «Բեցելեմը» Իսրայելը չեն համեմատել Հարավային Աֆրիկայի հետ, որում 1948-ից մինչեւ 1990-ականներ գոյություն ուներ ապարտեիդի համակարգ՝ հիմնված սպիտակների գերակայության եւ ռասայական տարանջատման վրա: Փոխարենը, նրանք գնահատում են Իսրայելի քաղաքականությունը միջազգային կոնվենցիաների հիման վրա, ինչպիսին է Հռոմի ստատուտը, որը ապարտեիդը սահմանում է որպես «մի ռասայական խմբի կողմից համակարգված ճնշման եւ գերակայության ինստիտուցիոնալացված ռեժիմ ցանկացած այլ ռասայական խմբի նկատմամբ»:

Նրանք պնդում են, որ Իսրայելի տարբեր քաղաքականությունը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ուղղված է հրեական մեծամասնության պահպանմանը որքան հնարավոր է շատ տարածքներում՝ սիստեմատիկորեն մերժելով պաղեստինցիների հիմնարար իրավունքները: Իսրայելը պնդում է, որ իր քաղաքականությունն է ապահովել աշխարհի միակ հրեական պետության գոյատեւումն ու անվտանգությունը։

Միջազգային քրեական դատարանն արդեն հետաքննում է օկուպացված տարածքներում Իսրայելի եւ պաղեստինցի զինյալների կողմից հնարավոր ռազմական հանցագործությունները։ Գազայում անցյալ տարվա պատերազմից հետո ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը մշտական հանձնաժողով է ստեղծել՝ Իսրայելում, Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ, ներառյալ «համակարգված խտրականությունը եւ բռնաճնշումները՝ հիմնված ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական պատկանելության վրա»:

Իսրայելը ՄՔԴ-ին եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնին իր հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մեջ է մեղադրել։