Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նա նշեց, որ արդեն մեկ ժամ է՝ քննչական գործողություններ են իրականացվում։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունի զրկելու համաձայնություն տալ:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։

Հայտնի է, որ գործով ամբաստանյալը դատական նիստին չի ներկայացել, պաշտպանյալը հայտնել է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան, դատավոր Բախշիյանն էլ ամբաստանյալին  կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։