Տնտեսության ոլորտում մենք կրկնում ենք նույն սխալները․ չկան ծրագրային գործողություններ, չկա հեռանկար, չկան զարգացման միտումներ։ Տնտեսությունը գտնվում է լճացման վիճակում։ Այդ մասին NEWS.am – ի թղթակցի հետ զրույցում փետրվարի 1-ին հայտարարել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։

«Դատելով վիճակագրության պետական կոմիտեի տվյալներից՝ 2021 թվականի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 5,8 տոկոս, այսինքն տնտեսությունը, հաշվի առնելով 7,4 տոկոս անկումը, չի վերականգնվել։

Ընդ որում Հայաստանն անցյալ տարի ավելի քան 1 մլրդ դոլար է ներգրավել պարտքի տեսքով, եւ այդ ցուցանիշը շարունակում է աճել, իսկ մենք չենք հասել նույնիսկ անցյալ տարվա ցուցանիշներին։ Տնտեսական աճը փաստացի բացակայում է, իսկ շինարարական հատվածում աճը (7,4% – խմբ.) պարտքի ավելացման հետեւանք է, սակայն այդ ոլորտը տնտեսության շարժիչ ուժ, զարգացման հիմք չի դառնում», – հավելել է փորձագետը։

Ադոնցը նկատել է, որ զարգացումը դանդաղեցնում է նաեւ գնաճի բարձր մակարդակը։

Թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների վերացումը (հաշվի առնելով նաև լիրայի արժեզրկումը), նրա գնահատմամբ, կարող է խիստ հարված հասցնել հայ արտադրողներին՝ էլ ավելի նվազեցնելով նրանց մրցունակությունը։