Այս նախագծի մեկնարկը կարեւոր է առաջին հերթին այն պատճառով, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ վերադառնում է հարգանքը կրթության հանդեպ։ Այս մասին փետրվարի 1-ին «Մատենա» առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի առաջին ծրագրերի մեկնարկի ժամանակ հայտարարեց «Մատենա»միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 30 տարի շարունակ այն թեզն էր տարածվում, որ եթե խելացի ես, բայց հարուստ չես, ուրեմն կյանքում հաջողության չես հասել։ Հաջողության համար անհրաժեշտ էր ոչ թե կրթություն, այլ ուրիշ գործոններ: «Այսօրվա դարն այլ մոտեցում է պահանջում, այդ թվում՝ բիզնեսի եւ պետական կառավարման ոլորտում։ Երկրորդ կարեւոր գործոնը կապված է համայնքների խոշորացման հետ, որը լուրջ խնդիրներ է ստեղծում եւ կառավարման նոր բանաձեւ է պահանջում։ Երրորդ կարեւոր պահը՝ պետությունը զարգանում է համայնքների, այլ ոչ թե միայն մայրաքաղաքի զարգացման միջոցով։ Եւ, վերջապես, տեխնոլոգիաները լուրջ հնարավորություն են, բայց պետք է կարողանալ դրանցից օգտվել։ Միայն համապատասխան կադրերի առկայությունը թույլ կտա իրականացնել լուրջ ծրագրեր։ Պետք է կարողանալ շփվել աշխարհի հետ, գրավել նոր ներդրումներ։ Սա թույլ է տալիս փոխել իրավիճակը: Միայն կրթության ճանապարհով կարելի է հաջողության հասնել, եւ մենք ցանկանում ենք համաշխարհային լավագույն փորձը ներդնել, ու կարեւոր է, որ դա գործնական ուղղվածություն կունենա»,- ասաց Վարդանյանը։ Նա հույս հայտնեց, որ նախագծերը կֆինանսավորի նաեւ մասնավոր հատվածը։
«Ապագան մասնավոր հատվածի եւ համայնքների համագործակցությունն է: Հենց այսպիսի մոդելը կարող է փոխել իրավիճակը Հայաստանում։ Այս նախագծի իրականացմանը պատրաստ են մասնակցել գործընկերներ Կանադայից, Ֆրանսիայից, Սինգապուրից, Բրազիլիայից եւ Բելգիայից։ Կարեւոր է օգտագործել սփյուռքի եւ արտասահմանյան գործընկերների փորձը։ Համոզված եմ, որ 2-3 տարվա ընթացքում «Մատենա» դպրոցում կարելի կլինի մինչեւ 80 ծրագիր անցկացնել»,- ընդգծեց Ռուբեն Վարդանյանը։
«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ ցանկացողները կարող են դիմել այսօրվանից մինչեւ փետրվարի 14-ը։ Բոլոր մանրամասները հասանելի են կայքում։
Ուսման վարձը կազմում է 3,9 մլն դրամ, որի 75%-ը կհատկացվի դպրոցի կրթաթոշակին։ Մնացած 25%-ը աննախադեպ ցածր գին է այս մակարդակի կրթության համար: Առաջին դիմորդները, որպես փորձագետներ, կներգրավվեն «Մատենա» դպրոցի հետագա ծրագրերում։ «Մեզ համար ամենակարեւորը այն փոփոխություններն են, որոնք կարող են լինել համայնքների կյանքում։ Մենք համագործակցում ենք Բեռլինի ESMT բիզնես-դպրոցի հետ, շվեյցարական IMD-ի հետ։ Համագործակցությունը կընդլայնվի։ Դպրոցի ստեղծման նպատակը առաջնորդների պատրաստումն է, որոնք կարող են էական փոփոխություններ կատարել ե՛ւ բիզնեսում, ե՛ւ պետական համակարգում։ Առաջնորդների ուսուցումը ամենադժվար ուղղություններից է, եւ կարեւոր էր մշակել նախագիծ, որը կհամատեղեր անհատական եւ խմբային մոտեցումները, տեղական փորձը եւ համաշխարհային առաջատար փորձը»,- հայտարարեց Հայրապետյանը: «Մատենա» միջազգային դպրոցի ակադեմիական տնօրեն Տիգրան Մնացականյանը պարզաբանեց, որ ստացած գիտելիքների արդյունքը շահառուներն իրենց վրա կզգան գրեթե անմիջապես։
«Մենք վերցրել ենք Financial Times-ի վարկածով թոփ-50-ում գտնվող «ՍԿՈԼԿՈՎՈ» դպրոցի լավագույն ծրագրերը եւ կատարելագործել ենք դրանք։ Խմբերը բաղկացած կլինեն 35 մարդուց, ուսումնառության տեւողությունը կլինի 3 ամիս (90 ժամ): Աշխատանքային լեզուն կլինի հայերենը։ Կլինեն ինտենսիվ դասընթացներ Դիլիջանում, Երեւանում եւ Մոսկվայում, երեք վարպետության դասեր, անհատական աշխատանքներ, խորհրդատվություններ։ Շատ կարեւոր է, որ մարդիկ կարողանան միանալ համապատասխան բարենպաստ միջավայրին, որը միշտ բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը։ Մարդիկ կկարողանան ոչ միայն տեսնել խնդիրները, այլեւ լուծումներ մշակել։ Ուսուցման ավարտից հետո շրջանավարտներին կտրվի «Մատենա» դպրոցի վկայական եւ «Որակավորման բարձրացման մասին» «ՍԿՈԼԿՈՎՈ» դպրոցի վկայական»,- հավելեց Մնացականյանը։
Նշենք, որ «Մատենա» առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի առաջին ծրագրերը մշակվել են «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի հետ համատեղ։ Դրանք նախատեսված են բարձր եւ միջին օղակի ղեկավարների, գործարարների, համայնքների ղեկավարների համար։




























