Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ, հայտնում են Սարգսյանի գրասենյակից:

Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի:

«Հետևաբար, այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում», - ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին «Հրապարակ» թերթը գրել էր. «Պարզվում է` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի հիմնական գործառույթը «բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետեւելն է եւ եկամուտների հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը», դեռեւս ամիսներ առաջ սկսել է ուսումնասիրել Արմեն Սարգսյանի ունեցվածքը եւ մասնավորապես «Հետքի» հրապարակումը՝ «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ», որտեղ շոշափվում են նախագահի քրոջ՝ բժիշկ Կարինե Սարգսյանի, ու դստեր՝ Տաթեւիկ Սարգսյանի անունները:

Սակայն այս գործով որեւէ շոշափելի հիմքեր չեն գտել` վարույթ սկսելու: Այդ ուսումնասիրությունները չավարտված` շվեյցարական մի ընկերությունից հանձնաժողովը հարցում է ստացել, որով հետաքրքրվել են` արդյոք ՀՀ նախագահը Հայաստանում հայտարարագրե՞լ է Շվեյցարիայում առկա գույքն ու դրամական միջոցները: Հանձնաժողովը գրությամբ դիմել է նախագահի աշխատակազմին` պարզաբանում ստանալու, պատասխան չի ստացել, իսկ մի քանի օր անց Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»: