ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա՝ մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին, ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ  Սահմանադրությամբ,  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով  և  ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում։

Դատավորներ

Նապոլեոն Օհանյան

Անահիտ Թումանյան

Ռոմեն Ահարոնյան

Աշոտ Հովհաննիսյան

Կարապետ Բադալյան

էմին Աբգարյան

Լուսինե Սեփխանյան

Գնել Գասպարյան»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Դատավորի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը կկայանա այսօր ժամը 18:00-ին։