Հայաստանից Վրաստան ամեն տարի արտահոսում է մոտ 400 մլն դոլարի կապիտալ, որից 100 մլն դոլարը բաժին է ընկնում Վրաստանում հանգստանալու մեկնող զբոսաշրջիկներին, իսկ 300 մլն դոլարը բիզնես-կապիտալն է: Այդ մասին այսօր` հուլիսի 20-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով` արտահոսող կապիտալը շատ դեպքերում շրջանցում է բանկային համակարգը, այդ պատճառով պաշտոնապես չի հաշվառվում:
Տեսակամուրջին մասնակցող Ռուսաստանյան բանկային ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետի տեղակալ Սերգեյ Գրիգորյանի տեղեկացմամբ` կապիտալի փախուստը մեծ մասշտաբներ է ընդունում նաեւ Ռուսաստանում: Մասնավորապես` 2010 թ. երկրից զուտ արտահոսքը կազմել է 27 մլրդ դոլար, 2009-ին` 44 մլրդ դոլար: Այդ միտումը շարունակվում է նաեւ 2011-ին, եւ ըստ կանխատեսումների` կկազմի մոտ 35 մլրդ դոլար:
Բանախոսների կարծիքով` կապիտալի արտահոսքի հիմնական պատճառը երկրների բիզնես-միջավայրի ոչ գրավչությունն է` բյուրոկրատական խոչընդոտները, կոռուպցիոն ռիսկերը եւ անկատար օրենսդրությունը:




























