Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հուլիսի 14-ին տեղի ունեցած բախման ընթացքում սպանված 13 թուրք զինվորականների եւ քուրդ զինյալներ հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝  Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպումից հետո նրա փաստաբան Իբրահիմ Բիլմեզը նշել է, թե Օջալանն իր ափսոսանքն է հայտնել Դիարբեքիրի Սիլվանի շրջանում բախման հետեւանքով սպանված թուրք զինվորականների եւ քուրդ զինյալների համար։ 

Իբրահիմ Բիլմեզը մեջբերել է Օջալանի խոսքերը,  ըստ որի թուրք-քրդական բախումից հետո թուրքական իշխանությունների պատվիրակությունն այցելել է Օջալանին եւ բանակցել։ «Եթե քրդական հարցը չլուծվի, զենքերը չլռեն, ցավոք սրտի, բախումներն անխուսափելի կլինեն»,-Օջալանի խոսքերն է փոխանցել Բիլմեզը։

Նշենք, որ հուլիսի 14-ին Դիարբեքիրի Սիլվանի շրջանում PKK-ի հետ բախման ընթացքում սպանվել էր 13 թուրք զինվորական եւ վիրավորվել 6-ը։ Սպանված քուրդ զինյալների թիվը հստակ չէ։ Թուրքական կողմը պնդում է, որ 7, սակայն PKK-ի ղեկավարները նշում են, թե սպանվել է 2 քուրդ զինյալ, իսկ մնացած 5-ը թուրք հակահետախույզներ են, ովքեր հագնված են եղել PKK-ի համազգեստով։