Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղսագրվող հոդվածով առնվազն վերջին 13 տարվա ընթացում որևէ գործ չի քննվել Հայաստանի դատարաններում: Այս մասին փաստում է court.am կայքում և «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա վիճակագրությունը, գրում է Hetq.am-ը:
Դատավոր Բախշիյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով, այսինքն՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, տվյալ դեպքում դատավոր Բախշիյանին վերագրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու արարք:
Court.am կայքում յուրաքանչյուր տարի հրապարակվում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ի դատարաններում քննված քրեական գործերի վերաբերյալ վիճակագրություն: Այս վիճակագրության մեջ առկա է նաև տեղեկատվություն, թե Քրեական օրենսգրքի ինչ հոդվածով որքա՞ն գործ է քննվել դատարաններում: Court.am-ում առկա են մինչև 2015 թվականին քննված գործերի վերաբերյալ տվյալները, ըստ որոնց՝ 2015-ից մինչև 2021-ը ներառյալ ոչ միայն Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով որևէ դատավճիռ առկա չէ, այլ առհասարակ որևէ գործ Դատախազությունը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկել դատարան:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, որը ներդրվել է 2008 թվականից, առկա են տվյալներ նաև 2008-ից մինչև 2015-ը դատարաններում քննված գործերի վերաբերյալ: Համակարգում նույնպես Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով գործեր չգտնվեցին: Այսինքն՝ կարելի է փաստել, որ առնվազն վերջին 13 տարում՝ 2008-ից մինչև 2021-ը ՀՀ դատարաններում չեն քննվել Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով քրեական գործեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Ն.Մ.-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։





























