Ֆրանսիական հեղինակություն վայելող «France football» ամսագրի լրագրողների կատարած հարցումների համաձայն՝ իսպանական «Վալենսիա» խմբի հարձակվող Դավիդ Վիլյան ամենամեծ վարկանիշ ունեցող «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդներից մեկն է։ Վիլյան փայլել է ոչ միայն իր ակումբում, այլեւ Իսպանիայի հավաքականում, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նա հայտնվել է 30-ի ցուցակում։
«Ես պարտական եմ իմ հավաքականին՝ նրանով, որ ես գտնվում եմ թեկնածուների շարքում։ Դեռ երկար ժամանակ կա, որպեսզի պարզվի հաղթողի անունը։ Ակնհայտ է, որ ես հուսով եմ, թե դա ես կլինեմ»,-հայտարարել է Վիլյան։
Հիշեցնենք, որ մրցանակը սահմանվել է «France football» ամսագրի գլխավոր խմբագիր Գաբրիել Անօի կողմից, ով իր գործընկերներին խնդրել է քվեարկել 1956 թվականի Եվրոպայի ամենալավ խաղացողի օգտին։ Այդպիսով, առաջինը մրցանակին արժանացել է անգլիական «Բլեքփուլ» հավաքականի խաղացող Սթենլի Մեթյուն։
Հատկանշական է, որ լրագրողները նախկինում կարող էին քվեարկել միայն եվրոպական խաղացողների օգտին, որոնք ներկայանում էին եվրոպական ակումբների անունից, այդ պատճառով էլ այնպիսի ֆուտբոլային կուռքեր, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան եւ Պելեն, չեն կարողացել արժանանալ այդ մրցանակին։ Բայց 1995 թվականին կարգը փոխվեց՝ այսուհետ մրցանակին կարող են հավակնել տարբեր ազգությունների ֆուտբոլիստներ, եթե նրանք եվրոպական ակումբն են ներկայացնում։ Առաջին ոչ եվրոպացի ֆուտբոլիստը մրցանակին արժանացավ «Միլանի» խաղացող Ջորջ Վեան, հենց այդ նույն տարում։



























