Հայաստան են եկել Կենդանաբանական այգիների նախագծման ոլորտում մեծ փորձ ունեցող Բերնարդ Հարիսոնը եւ լանդշաֆտային ձեւավորող Թայս դե Զեուն, ովքեր նախագծելու են Երեւանի կենդանաբանական այգու առյուծների ազատավանդակներն ու ձեւավորելու են համապատասխան տարածքը:

Երեւանի կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ իրենք հրավիրում են լրագրողներին անձամբ հանդիպելու մասնագետներին,  նաեւ փոքրիկ էքսկուրս կանցկացվի, որը հնարավորություն կտա ծանոթանալու ազատավանդակների համար նախատեսված տարածքին, ճշտելու նախագծի եւ դրա իրականացման գործընթացին վերաբերող մանրամասները:

Նշենք, որ Բերնարդ Հարիսոնը կենդանաբանական այգիների հետ աշխատանքի 37 տարվա փորձ ունի: Մինչեւ 2002 թ-ը նա է եղել Սինգապուրի վայրի բնության արգելավայրերի (Wildlife Reserves Singapore -WRS) գլխավոր գործադիր տնօրենը: Այն աշխարհի լավագույն եւ ամենաշահավետ կենդանաբանական հաստատությունն է աշխարհում, որն իր մեջ ներառում է Սինգապուրի կենդանաբանական այգիները, Գիշերային Սաֆարին (Night Safari) եւ Ջուրոնգ թռչունների պարկը (Jurong Bird Park):

Այժմ Հարիսոնը ղեկավարում է Բեռնարդ Հարիսոն եւ Ընկերներ ՍՊԸ ( Bernard Harrison and Friends Ltd) մասնագիտացված նախագծող ընկերությունը, որն աշխատում է կենդանաբանական եւ բուսաբանական այգիների, ազգային պարկերի եւ էկո-զբոսաշրջության գրավչությունների զարգացման եւ կայուն գործունեության ոլորտում (www.bernardharrisonandfriends.com):