Ինդոնեզիայի իշխանությունները խստացրել են սոցիալական սահմանափակումները մայրաքաղաքում, ամենախիտ բնակչությունն ունեցող Ճավա կղզում եւ ամառանոցային Բալի կղզում՝ կորոնավիրուսի նոր բռնկման հետ կապված, որը պայմանավորված է օմիկրոն շտամի տարածմամբ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է The Straits Times թերթը՝ հղում կատարելով ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանին։
Նրա խոսքով՝ առեւտրի կենտրոնները, ռեստորանները եւ սրճարանները նորից կարող են ընդունել այցելուների առավելագույն թվի 60 տոկոսից ոչ ավելին, զվարճավայրերը՝ 35 տոկոսից, մզկիթները եւ եկեղեցիները՝ 50 տոկոսից ոչ ավելին։ «Մենք չենք ցանկանում վախեցնել բնակչությանը, մտադիր չենք վնաս հասցնել տնտեսությանը, հնարավոր է, որ խնդիրն այդքան էլ լուրջ չլինի»,- ասել է համակարգող նախարարը։ Նրա խոսքով՝ կառավարությունը «հետեւում է իրավիճակին եւ կարող է թուլացնել սահմանափակումները արդեն եկող շաբաթ»,- տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ներկայում, ասել է Լուհութը, «կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացված անձանց 65 տոկոսը հիվանդությունը չափավոր ծանր է տանում եւ կարող է բուժումը շարունակել տնային պայմաններում։
Երկրում վարակվածների ամենօրյա աճը մոտենում է 40 հազարի, չնայած դեռեւս մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը մոտ 100-200 էր։ Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Ինդոնեզիայի բնակիչների 48 տոկոսը։




























