Հայաստանի բանակի ղեկավար կազմը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այսօր` հուլիսի 20-ին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հիշատակին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցմամբ կատարվել է խնկարկման արարողություն: Այնուհետեւ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին մասնակցել են հերոսի մարտական ընկերները, հարազատները եւ զինվորականները:

Մարտի դաշտում Ազգային հերոսի կատարած սխրանքների մասին ներկաներին պատմել են Հատուկ գնդի 1-ին հրամանատար Սերգեյ Առաքելյանը, «Հատուկ գունդ վերտերանների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը: Ջիվան Աբրահամյանի մայրը՝ Բավական Աբրահամյանը, իր խոսքում նշել է, որ հպարտ է հերոս որդի ծնելու եւ հայրենիքը ամեն ինչից վեր դասող զավակի մայր լինելու համար: Դիմելով դահլիճում ներկաներին` հերոսի մայրը նշել է. «Շնորհակալ եմ, որ հիշում եք մեր ազգի հերոսներին, ովքեր զոհվել են մեր երկրի եւ մեր ժողովրդի լուսավոր ապագայի համար: Փառք մեր զինվորներին»:

Սեյրան Օհանյանն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ մոտ է եղել զինվորի մասնագիտությանը, անընդհատ մարտնչել ու պայքարել է իր գոյության համար: Մեր ժողովրդի նվիրյալ շատ որդիներ օժտված են հրամանատարի կարողություններով: Նրանցից էր Ջիվան Աբրահամյանը: Ջիվանը գաղափարի մարտիկ էր: Մենք այսօր հպարտություն ենք ապրում, որ ունեցել ենք նրա նման մարտական ընկեր, ում օրինակը ուսանելի է մատաղ սերնդի եւ հատկապես մեր զինվորների համար:

Կարծում եմ` Ջիվան Աբրահամյանի եւ մեր բոլոր մյուս հերոսների գործը կիսատ չի մնացել. նրանց գործի ամենամեծ ծնունդը հայոց բանակն է, որը, պաշտպանելով մեր երկրի սահմանները, ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը եւ հետագա զարգացումը:

Հավերժ փառք Ջիվան Աբրահամյանին, փառք նրա ծնողներին: Իմ խոնարհումն եմ բերում բոլոր նրանց, ում շնորհիվ արցախյան գոյապայքարը պսակվեց հաղթանակով: Մենք պարտավոր ենք պահպանել մեր նահատակների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները»: