Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկուշաբթի հայտարարել է, որ Օտտավայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բեռնատարների վարորդների բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն՝ նշելով, որ դրանք բացասաբար են ազդում ազգային տնտեսության եւ քաղաքացիների առօրյա կյանքի վրա։
«Այդ անձինք փորձում են արգելափակել մեր տնտեսությունը, մեր ժողովրդավարությունը եւ մեր քաղաքացիների առօրյան։ Դա պետք է դադարեցվի»,- ասել է Թրյուդոն՝ ելույթ ունենալով դաշնային խորհրդարանի անդամների առջեւ: Նրա ելույթը հեռարձակել են կանադական լրատվամիջոցները։
Ինչպես նշել է պետության ղեկավարը, Օտտավայի բնակիչներն «արժանի չեն հետապնդումների իրենց իսկ թաղամասերում»։
Կանադայի շատ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, հունվարի 29-ից շարունակվում են լայնածավալ բողոքի ցույցերը կորոնավիրուսային սահմանափակումների դեմ, որոնք նախաձեռնել են բեռնատարների կանադացի վարորդները: Անվտանգության նկատառումներից ելնելով այս իրադարձությունների ֆոնին Թրյուդոն փոխել է բնակության վայրը, իսկ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը երկուշաբթի քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել ցույցերի կապակցությամբ:





























