Աշխարհում կարելի է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները՝ պարզապես հիշեցնելով մսակերության վնասի մասին։ Մոլորակի փրկության այսպիսի անսովոր միջոց են առաջարկել Համաշխարհային բնական պաշարների ինստիտուտի գիտնականները, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։

ԱՄՆ Աշխատանքային վիճակագրության գրասենյակի տվյալներով՝ միջին ամերիկացին տնից դուրս սնվում է շաբաթը մի քանի անգամ, իսկ ընտանիքը տարեկան միջինը ծախսում է ավելի քան երեք հազար դոլար ռեստորանում սնվելու վրա։ Համաշխարհային բնական պաշարների ինստիտուտը հետազոտություն է իրականացրել վեց հազար մարդու մասնակցությամբ, որոնց բաժանել են մոդելավորված ռեստորանային ճաշացանկեր եւ խնդրել ուտելիքներ ընտրել։ Մասնակիցների մեծ մասի ճաշացանկերում եղել է հիշեցում շրջակա միջավայրի վրա մսի օգտագործման ազդեցության մասին, եւ դա արդյունք է տվել. մարդիկ ավելի շատ բանջարեղենային ուտելիքներ են պատվիրել, այլ ոչ թե մսային։

Փորձի ընթացքում հետազոտողները ստուգել են տասը տարբեր հիշեցումներ, իսկ հետո դրանցից ընտրել են հինգ ամենահաջողները։ Ամենագործուն հիշեցումը հետեւյալն էր. «Մեզանից յուրաքանչյուրը կարող է դրականորեն ազդել մոլորակի վրա։ Ընդամենը մեկ մսային կերակրի փոխարինումը բանջարեղենայինով թույլ կտա խուսափել ջերմոցային գազերի արտանետումներից, որոնք համարժեք են այն էներգիային, որն օգտագործվում է երկու տարում հեռախոսի լիցքավորման համար։ Ձեր փոքր ընտրությունը մեծ նշանակություն ունի»։

Սոցիալական նորմերի պահպանումը կարող է մարդկանց հզոր մոտիվատոր ծառայել։ Հետազոտություններն առաջ էլ ապացուցում էին, որ պատասխանատու վերաբերմունքի մասին ժամանակին եւ քաղաքավարի կերպով արված հիշեցումները կարող են էապես նվազեցնել էներգիայի սպառումը, աղբի արտանետումների ծավալը եւ սրբիչների օգտագործումը հյուրանոցներում։ Հուշումներում նաեւ կարեւոր համեմատություն էր նշվում՝ զուգահեռի անցկացումը բջջային հեռախոսի լիցքավորման հետ։

Հետազոտության ընթացքում գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ բանջարեղենային կերակուրների նկարագրման համար ավելի լավ է օգտագործել «ախորժաբեր» բառեր, օրինակ՝ «դանդաղ տապակված», «կարամելացված» կամ «լավ համեմված»։ Բուսակերության հետ կապված տերմիններ օգտագործելիս, ընդհակառակը, հարկ է զգույշ լինել, որովհետեւ դա կարող է վախեցնել գնորդին։

Մսակերությունն ուղղակիորեն ազդում է  մոլորակի վրա. անտառները հատում են, որպեսզի տեղ ազատեն նախրի համար։ Մի կովը մեկ տարում կարող է ործկալ 90 կգ ուժեղ ջերմոցային գազ՝ մեթան։ Ընկերությունները փորձում են լուծել այդ խնդիրը՝ այլընտրանքներ ստեղծելով եւ միս աճեցնելով լաբորատոր պայմաններում։ 2021թ. «Մակդոնալդս» ցանցը սկսեց արհեստական մսից կողիկներով բուրգերների՝ McPlant-ի վաճառքը։ Այդ կողիկները ստեղծել է Beyond Meat ընկերությունը, որն այսօր արհեստական մսի ամենամեծ արտադրողն է։