Վենետիկի պետական ​​արխիվի հետազոտողները պարզել են, որ ճանապարհորդ եւ գրող Մարկո Պոլոն նախկինում անհայտ դուստր է ունեցել՝ Ագնես անունով: Նրա գոյության միակ պահպանված փաստը մի հատված է վերջինիս կտակից: Փաստաթուղթը թվագրված է 1319 թվականի հուլիսի 7-ով, եւ դրանում որպես կնոջ կամքը կատարողներ նշված են նրա ամուսինը՝ Նիկոլետտո Կալբոն, Մարկո Պոլոյի հայրը եւ մեկ այլ ազգական՝ Ստեֆանո Պոլոն, հաղորդում է Planet-today-ը՝ վկայակոչելով The History Blog-ը:

«Ագնեսի կտակն իրենից ընտանեկան կյանքի նուրբ պատկեր է ներկայացնում: Դրանում հիշատակվում է կնոջ ամուսինը՝ Նիկոլոն, ով հայտնի էր Նիկոլետտո անունով, ինչպես նաեւ նրանց երեխաները՝ Բարբարելան, Պապոնը եւ Ֆրանչեսկինոն։ Փաղաքշական խոսքերը, որոնցով նա կոչում է իր երեխաներին, վկայում են այն մաիսն, որ երիտասարդ մայրը ցանկացել է ինչ-որ բան թողնել ամուսնուն եւ երեխաներին, ինչպես նաեւ՝ երեխաների ուսուցիչ Ռաֆայել դա Կրեմոնային, նրանց կնքամորը՝ Բենվենուտային եւ սպասուհի Ռենիին»,- նշել է Կա Ֆոսկարի համալսարանի հետազոտող Մարչելլո Բոլոնյարին:

Մինչ այս փաստաթղթի հայտնաբերումը Մարկոն իր կնոջից՝ Դոնատա Բադոյերից, ուներ երեք դուստր՝ Ֆանտի, Բելելլա եւ Մորետա անուններով, սակայն Ագնեսի ծնունդը նախորդել էր նրա ամուսնությանը 1300 թվականին։ Մարկո Պոլոն 1295 թվականին Արեւելք կատարած իր ճանապարհորդությունից վերադարձել էր Վենետիկ։ 1298 թվականին ձերբակալվել էր Վենետիկի եւ Ջենովայի միջեւ տեղի ունեցած ծովային ճակատամարտից հետո։ 1299 թվականին ազատ էր արձակվել Ջենովայի բանտից, ուստի շատ ժամանակ չուներ Ագնեսի հայրը դառնալու համար։

Կենսագիրներին հայտնի է, Մարկո Պոլոն միայն մեկ անգամ է ամուսնացած եղել։ Դա կարող է հիանալի կերպով բացատրել, թե ինչու էր Ագնեսի գոյությունը թաքցվում՝ հայտնի դառնալով միայն 700 տարի անց: Դա չի նշանակում, որ նա ծնվել է հենց արտաամուսնական կապից։ Նրա կտակում չի նշվում մոր մասին, բայց հնարավոր է, որ նրա մայրը մահացել է, երբ Ագնեսը դեռ փոքր էր՝ Մարկոյին այրի դարձնելով։ Այնուամենայնիվ, եթե նրանք ամուսնացած էին, ապա դրա մասին ոչ մի հայտնի արձանագրություն չկա, ոչ էլ՝ որեւէ ապացույց, որ Մարկոն իր առաջին դստերը մեծացրել է խորթ մոր եւ խորթ քույրերի հետ։ Ընդ որում, նրա կտակից տեղեկանում ենք, որ նա իրականում ապրել է քաղաքի նույն թաղամասում, որտեղ եւ իր հայրը եւ Պոլո ընտանիքի մնացած անդամները:

Մարկոն մահացել է Ագնեսի կողմից կտակը գրելուց մոտ չորս տարի անց: Մահանալիս նրա կտակն արդեն կազմված էր, որում նրա կինը եւ երեք դստրերը որպես համակատարողներ էին նշված: Ագնեսը դրանում չէր հիշատակվում։ Պարտադիր չէ, որ դա երկրորդական կարգավիճակ ենթադրի՝ հաշվի առնելով, որ նա բավական հիվանդ էր՝ 1319 թվականին իր կտակը գրելու համար, երբ 20 տարեկան էր, եւ, ամենայն հավանականությամբ, հորից ավելի շուտ է մահացել: