Նյարդակենսաբան, «Սկոլտեխ»-ի պրոֆեսոր Ֆիլիպ Խայտովիչը եւ Ֆրոլովի անվան ընդհանուր պաթոլոգիայի եւ ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Բլագոնրավովը ռուսաստանցիներին պատմել են, որ ձմեռային ժամանակից ամառայինին անցնելու դեպքում ժամային գոտիների փոփոխությունը մեծացնում է քրոնիկ հիվանդությունների սրման կամ վատթարացման վտանգը, հաղորդում է URA.RU-ն։
Բլագոնրավովի խոսքով, մեկ ժամով գոտու տեղաշարժը համարժեք է մարդու տեղափոխմանը հարեւան աշխարհագրական գոտի: «Իսկ եթե ժամանակի փոփոխությունը տեղի է ունենում տարին երկու անգամ, ապա դա մեծացնում է քրոնիկ հիվանդությունների սրման կամ վատթարացման հավանականությունը, առաջին հերթին խոսքը սրտանոթային հիվանդությունների մասին է»,- ասել է մասնագետը։ Նա ընդգծել է, որ ամառային ժամանակից հրաժարվելը ճիշտ որոշում էր, քանի որ ձմեռայինն ավելի մոտ է բնական աստղագիտական ժամանակին։
Խայտովիչը հաստատել է, որ ժամային գոտիների փոփոխությունը վնասում է մարդու օրգանիզմին։ «Փորձեր են արվել կրծողների վրա։ Դա ազդել է ֆիզիոլոգիական վիճակի վրա, բարձրացրել է սթրեսի հորմոնի մակարդակը եւ ի վերջո կրճատել կյանքի տեւողությունը»,- բացատրել է պրոֆեսորը: Նա հիշեցրել է ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին, քանի որ դա կօգնի նվազագույնի հասցնել ամենօրյա սթրեսը։





























