Թվային արվեստի աճուրդը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար ավելի քան 52 միլիոն դոլար է հավաքել, հաղորդում է Reuters-ը։

Ասանժը պայքարում է Մեծ Բրիտանիայից Միացյալ Նահանգներ արտահանձնման դեմ, որտեղ նրան սպասվում է դատավարություն 18 գործով, ներառյալ՝ լրտեսության մասին օրենքի խախտումը այն բանից հետո, երբ 2010 թվականին WikiLeaks-ը սկսեց հրապարակել հազարավոր գաղտնի փաստաթղթեր եւ դիվանագիտական ​​հեռագրեր:

Անցյալ ամիս Ասանժը, ով շարունակում է մնալ Լոնդոնի բանտում, հնարավորություն է ստացել վիճարկել իր արտահանձնման որոշումը Բրիտանիայի բարձրագույն դատարանում։ 

Ասանժը համագործակցել է Պակ անունով հայտնի գաղտնագրողի հետ, որպեսզի օնլայն աճուրդում վաճառի NFT հավաքածուն, որը կոչվում է Censored։ 

NFT-ն կրիպտոակտիվ է, որն օգտագործում է բլոքչեյնը՝ գրանցելու թվային ֆայլերի կարգավիճակը, ինչպիսիք օրինակ՝ պատկերները, տեսանյութերը եւ նույնիսկ առցանց խաղերի տարրերը: