Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգի ոստիկանությունը որոնում է մի կնոջ, որը մեխ է խփել իր գլխին, որպեսզի տղա ծնի, եւ հեքիմին, որը նրան խորհուրդ է տվել դա անել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Dawn-ին։
«Տուժածի ինքնությունը պարզելու աշխատանքներ են տարվում՝ տեսանկարահանող սարքերի եւ համակարգչային տեսագրությունների միջոցով»,- հայտնել է ոստիկանությունը։
Ոստիկանությունն այս դեպքի վրա ուշադրություն է դարձրել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է գլխում մեխով կնոջ ռենտգենյան լուսանկարը։ Փեշավարի ոստիկանապետ Աբաս Ահսանն ասել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ հայտնաբերելու համար կեղծ հեքիմին, որը խաղացել է անմեղ կնոջ կյանքի հետ եւ նրա գլուխը տղա ծնելու կեղծ խոստումներով լցրել: Խումբը նաեւ հետաքննում է, թե ինչու բուժող բժիշկը միջադեպի մասին չի հայտնել իշխանություններին։
Ինչպես հայտնել է նյարդավիրաբույժ Հայդեր Սուլմանը, երբ տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նա արյունահոսել է, եւ մինչ վիրահատարան տեղափոխվելը առաջին օգնություն է ստացել։ «Նա ասաց, որ իր թաղամասում մի կին նույն կերպ է վարվել եւ տղա է ծնել, թեեւ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ նրա ապագա երեխան աղջիկ է»,- ասել է բժիշկը:
Ըստ հիվանդանոցի աշխատակիցների՝ տուժածը երեք դուստրերի մայր է, եւ նրա ամուսինը, իբր, սպառնացել է լքել նրան, եթե չորրորդ աղջիկը ծնվի: «Նա երեք ամսական հղի է եղել, եւ ամուսնուց վախի պատճառով գնացել է հեքիմի մոտ, որը նրան թալիսման է տվել՝ բախտի համար, կարդալու տեքստեր եւ մեխ: Այնուհետեւ տուժածը վերադարձել է տուն եւ մեխը խփել գլխին: Երբ կինը ցավից բղավել է, ընտանիքի անդամները նրան գտել եւ տեղափոխել են հիվանդանոց»,- պատմել են բուժաշխատողները:





























