Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2021 թվականին պայմանավորված էր առաջին հերթին առեւտրի, շինարարության եւ ծառայությունների ոլորտների հաշվին։ Արդյունաբերությունը գտնվում էր ընդամենը 3% մակարդակի վրա։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանը՝ «Հայաստանի տնտեսությունը 2021թ.-ին ԵԱՏՄ-ին անդամակցելու համատեքստում» զեկույցը ներկայացնելիս:
Ընդ որում, նրա խոսքով, կառուցվածքային առումով լուրջ խնդիրներ կան։
«Կայուն տնտեսական աճն ապահովում են միայն գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը», - ասել է Թավադյանը։
Դրա հետ մեկտեղ արտահանումն աճել է 6,7%-ով։ Դրա վրա դրական ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վերականգնումը եւ գունավոր մետաղների գների բարձրացումը։ Ընդհանուր առմամբ Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը կազմում է ընդհանուր ծավալի մոտ 30%-ը։
«Այնուամենայնիվ, ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման մասնաբաժինը դեռ կազմում է ընդամենը 20 տոկոս։ Այդ ցուցանիշը պետք է ավելացնել 1,5 անգամ՝ մոտենալով 5 մլրդ դոլարի ցուցանիշին։ Մեր երկիրը փոքր է և զարգացման հիմնական հնարավորությունը պատրաստի արտադրանքի արտահանումն է»,- նշել է տնտեսագետը։
Նա նաեւ մատնանշել է հումքի բաժնի նվազեցման եւ արտահանման մեջ պատրաստի արտադրանքի ծավալների ավելացման անհրաժեշտությունը։




























