Դանիայի առողջապահական մարմինները քննարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների դադարեցումը եւ պատճառ չեն տեսնում այս պահին երեխաներին կամ այլ բնակիչների բուստերային դեղաչափ ներարկելու համար, գրում է AP-ը:

Դանիայի առողջապահության վարչությունը հայտնել է, որ եվրոպական երկրում վարակի երրորդ ալիքը նվազում է «բնակչության շրջանում բարձր իմունիտետի շնորհիվ»։

«Դանիայում պատվաստումների բարձր մակարդակը, հատկապես երրորդ դեղաչափով պատվաստումը, նշանակում է, որ մենք կարող ենք հաղթահարել վարակի թվի աճը՝ առանց լուրջ հիվանդանալու»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցյալ ամիս Դանիայի կառավարությունն առաջարկել է պատվաստանյութի չորրորդ դեղաչափը տարեցներին եւ խոցելի խմբերի այլ քաղաքացիներին, քանի որ պանդեմիայի հետ կապված իրավիճակը վատթարացել է օմիկրոն շտամի արագ տարածման պատճառով։  

Սակայն  առողջապահության վարչությունը եզրակացության է եկել, որ երեք դեղաչափերն ապահովում են լավ պաշտպանություն ծերանոցի բնակիչների եւ 85-ից բարձր մարդկանց համար, եւ որոշել են, որ լրացուցիչ պատվաստումների կարիք չկա։    

Դանիան նոյեմբերին ընդլայնել է իր պատվաստումների ծրագիրը 5-ից 11 տարեկան երեխաների համար, երբ դելտա շտամը գերիշխող էր, եւ մտավախություն կար, որ երիտասարդները կարող են վարակել ավագ սերնդին: Ուրբաթ օրը առողջապահական մարմինները հայտնել են, որ «այժմ սկսում են ծրագրել պատվաստումների ընթացիկ ծրագրի ավարտը բոլոր թիրախային խմբերի համար, ներառյալ 5-11 տարեկան երեխաների համար ծրագիրը»:  

«Իհարկե, մենք ուշադիր հետեւելու ենք համաճարակին եւ պատրաստ ենք փոխել մեր որոշումը, եթե, հակառակ ակնկալիքների, այս գարնանը չորրորդ ալիք կամ նոր մտահոգիչ տարբերակներ լինեն»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: 

Դանիան այս ամիս չեղարկել է համաճարակի հետ կապված սահմանափակումների մեծ մասը այն բանից հետո, երբ պաշտոնյաները հայտնել են, որ իրենք այլեւս COVID-19-ը չեն համարում «սոցիալապես ճգնաժամային հիվանդություն»: