ԱՄՆ-ից պալեոնտոլոգների թիմը հարավարեւմտյան Մոնտանայում դինոզավրի բրածո ոսկորներում առաջին անգամ հնագույն շնչառական վարակի հետքեր է հայտնաբերել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports գիտական ամսագրում։

Հետազոտության առարկա են դարձել անչափահաս դիպլոդոցիդի քարացած մնացորդները։ Երկար պարանոցով խոշոր խոտակեր զաուրոպոդ դինոզավրն ապրել է մոտավորապես 150 միլիոն տարի առաջ: Գիտնականները պարզել են, որ մողեսը հիվանդ է եղել ասպերգիլեզով, որն ավելի հաճախ թռչունների մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդությունից էլ, հավանաբար, մահացել է դինոզավրը։ Միաժամանակ նրա մոտ գրիպի կամ թոքաբորբի նման ախտանիշներ են եղել՝ քաշի կորուստ, հազ, ջերմություն եւ ծանր շնչառություն:

«Հաշվի առնելով վարակի ենթադրյալ ախտանիշները եւ այս դինոզավրի ողերի վիճակը, կարելի էր միայն կարեկցել նրան: Այս մողեսի վարակի հայտնաբերումն օգնում է մեզ հետեւել անցյալում շնչառական հիվանդությունների էվոլյուցիոն պատմությանը, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս մեզ պատկերացում կազմել դինոզավրերին բնորոշ հիվանդությունների մասին»,- EurekAlert-ին պատմել է պեղումների մասնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ում Մեծ հարթավայրերի դինոզավրերի թանգարանի աշխատակից Քերի Վուդրուֆը։

Այս տեսակի դինոզավրերն ունեն բավականին երկար պարանոց, որը բաղկացած է մի քանի տասնյակ սնամեջ ողերից։ Հետազոտողները ուսումնասիրել են վզիկի երեք ողերը եւ հայտնաբերել անսովոր կառուցվածքի անոմալ ոսկրային ելուստներ, որոնք կարող էին ձեւավորվել ի պատասխան վարակի: Այս հայտնագործության շնորհիվ էլ մասնագետները կարողացել են բացահայտել հիվանդությունը զաուրոպոդների մոտ: