Հույն տաքսիստները, ի նշան բողոքի, որ ազատականացվում է իրենց գործունեության ոլորտը, այսօր` հուլիսի 21-ին շրջափակել են օդանավակայաններն ու մայրուղիները, հաղորդում է ria.ru-ն` վկայակոչելով հունական պետական հեռուստատեսությունը:

Հարյուրավոր տաքսիստներ իրենց մեքենաներով շարվել են Աթենքի «Էլեվթերոս Վենիզելոս» միջազգային օդանավակայան գնացող մայրուղու վրա եւ փակել այն:

Տաքսիստների մեկ այլ մեծ խումբ ուղեւորվել են դեպի Աթենքի կենտրոն, որպեսզի բռնությամբ բացեն նույն մայրուղու արգելափակոցները եւ վարորդներին անվճար ներս թողնեն:

Կրետե կղզու Իրակլիոն քաղաքում տաքսիստները շրջափակել են նավահանգիստը եւ երկու նավերում գտնվող տուրիստներով լի ավտոբուսները, այնուհետեւ ուղեւորվել են դեպի կղզու միջազգային օդանավակայան: Նույն կղզու Խանիա քաղաքում տաքսիստները շրջափակել են կառավարական երկու շենքերը:

Սամոս կղզում տաքսիստները գրավել են տեղի հարկային տեսչության շենքը: Օրվա ընթացքում սպսվում են նոր բողոքի ակցիաներ Հունաստանի քաղաքներում:

Հիշեցնենք, որ հույն տաքսիստներն արդեն 4-րդ օրն է, որ բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանց բողոքն ուղղված է կառավարության որոշման դեմ, որով հանվում են տաքսի ծառայություն իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման սահմանափակումները: Մինչ այսօր այդ սահմանափակումները համարվում էին տաքսիստի գլխավոր կապիտալը, որը նա կարող էր վաճառել կամ վարձով տալ:

Նրանք նշում են, որ իրենք այդ լիցենզիաները գնել են շատ թանկ գներով (մինչեւ 100 հազար եվրո) եւ անգամ անշարժ գույք գրավ դնելով:

Նախօրեին իշխանությունների եւ տաքսիստների միջեւ բանակցություններն արդյունք չեն տվել: Տաքսիստները հայտարարել են, որ շարունակելու են բողոքի ակցիաները, մինչեւ իշխանությունները հրաժարվեն իրենց մտադրությունից: