ԱՄՆ համալսարաններից գիտնականների խումբը փորձել է բացատրել, թե ինչ պատճառով են սկսվում հիշողության հետ կապված խնդիրներ տարիքի հետ: Գիտնականների խոսքով՝ դա կապված է գլխուղեղի հիշողության «գերծանրաբեռնման» հետ, գրում է Planet Today-ը:

Բանն այն է, որ որքան մեծ է մարդը, այնքան ավելի շատ է կուտակում տարատեսակ տեղեկատվություն. հիշողություններից մինչեւ տարբեր փաստեր: Դա անդրադառնում է ուղեղի պահոցի վրա, որը, ինչպես հիշողության սովորական ծավալը, ունի լցվելու ունակություն: Այդ պատճառով մարդը տարիքի հետ դժվարանում է հիշել, քանի որ մեծածավալ տվյալների շրջանում բավականին բարդ է գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Գիտնականները բացատրել են, որ դրա հետ կապված է նաեւ փաստը, որ տարեց մարդիկ կարող են ունենալ կեղծ կամ գործին, ըստ էության, չվերաբերող հիշողություններ: Անհրաժեշտ տեղեկատվությունը փնտրելու պահին կարող են հիշողությունները խառնվել, ինչի պատճառով տեղի է ունենում դրանց փոխարինում կամ փոփոխություն:

Սակայն գիտնականները նկատել են, որ մեծ կենսափորձի շնորհիվ տարեց մարդիկ բարձր կրեատիվություն են ցուցաբերում: Անցկացված թեստերը ցույց են տվել, որ տարիքի հետ մարդիկ ցուցադրում են ստեղծարարության բարձր աստիճան՝ ի տարբերություն երիտասարդների: Գիտնականների խոսքով՝ կրեատիվության մակարդակը կապված է հարուստ փորձի հետ: