Թալիբների լավագույն դիպուկահարներից մեկը քաղաքապետ է դարձել, գրում է AFP-ը։
Դամուլա Մոհիբուլա Մովաֆաքը Ֆարյաբ նահանգի (Աֆղանստանի հյուսիս-արեւմուտք) մայրաքաղաքի՝ Մեյմանայի քաղաքապետն է։ Նշանակումը կատարվել է նոյեմբերին, թալիբների կողմից Արեւմուտքի աջակցությունը վայելող կառավարության տապալումից եւ իշխանությունը զավթելուց երեք ամիս հետ։
Նա հայտնի է դարձել որպես մարտիկ, բայց այժմ նրա օրակարգը լցվել է տեղական ինքնակառավարման ամենօրյա խնդիրներով՝ կոյուղու ցանցերի մաքրում, ճանապարհների պլանավորում եւ հարեւանների միջեւ վեճերի կարգավորում։
«Երբ կռվում էի, իմ նպատակները շատ որոշակի էին՝ վերջ դնել օտարերկրյա օկուպացիային, խտրականությանը եւ անարդարությանը»,- AFP-ին ասել է 25-ամյա տղամարդը։ «Հիմա իմ նպատակները նույնպես հստակ են. պայքարել կոռուպցիայի դեմ եւ նպաստել երկրի բարգավաճմանը»։
Մեյմանայի փողոցներով շրջելով՝ նոր քաղաքապետը զրուցում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների հետ, որոնք մաքրում են ճանապարհամերձ ջրատարները։ Հարյուր հազարանոց քաղաքի բնակիչները դիմում են բողոքներով եւ առաջարկություններով, որոնք ավելացվում են գործերի մշտապես աճող ցուցակում։
«Նոր քաղաքապետը երիտասարդ է, լավ կրթություն ունի, եւ որ շատ կարեւոր է՝ քաղաքից է»,- ասում է նրա տեղակալ Սայեդ Ահմադ Շահ Գեյասին, որը «Թալիբանի» անդամ չէ։
Ի տարբերություն աղքատ գյուղացիների, որոնք կրթություն են ստացել մեդրեսեներում, եւ որոնք «Թալիբանի» շարքայինների կազմում են, Մովաֆաքը տեղի հարուստ առեւտրականների ընտանիքից է եւ մեծացել է Մեյմանայում։
Նրա գրասենյակը զարդարում են պատանեկության տարիների հիշարժան իրերը, այդ թվում՝ մարտարվեստների մրցումների վկայականը, ինչպես նաեւ միջնակարգ կրթության ատեստատը։
19 տարեկանում ապստամբներին միանալով՝ նա նշանակվել է Ֆարյաբում տեղակայված ոչ մեծ ստորաբաժանման հրամանատար։
Նրան նկարագրում են որպես թալիբների ամենատաղանդավոր դիպուկահարներից մեկի, չնայած նա, ըստ երեւույթին, չի ցանկանում պատմել պատերազմի մասին։
Բայց AFP թղթակցի հետ զբոսանքի ժամանակ նա կանգ է առնում կռիվների հետքերը կրող մի տան առջեւ՝ Դորայե Հոյջա-Քոշրե գյուղում, որտեղ ժամանակին տեղավորվել է իր ստորաբաժանումը։ Այստեղ նա թաքնվել է՝ հետեւելով ամերիկյան զինվորականներին եւ հիանալի դիպուկահարի համբավ վաստակելով։
«Նա ամերիկացու է սպանել իր հրացանով այս տնից, հետո ինքնաթիռը ռմբակոծել է տունը»,- ասել է տեղի բնակիչ Սայֆադդդինը։
Մովաֆաքը մարտում մի քանի ընկերների զոհվելու վկան է դարձել, բայց նախկինի պես լռում է այն սարսափների մասին, որոնք ինքն է սփռել, եւ ինքն էլ ենթարկվել է դրանց։ «Վերելքներ ու վայրէջքներ շատ եմ ունեցել»,- ասել է նա։




























