Այսուհետ 060-544444 հեռախոսահամարով ժամը 09:00-ից 21:00-ը ներառյալ կընդունվի եւ օպերատիվ լուծում կտրվի հարկային-մաքսային ոլորտի վերաբերյալ ցանկացած հարցի, առաջարկի կամ դիմում-բողոքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՊԵԿ-ից: Նույն նպատակով դեռեւս 2008 թվականից սկսել է գործել մաքսային ծառայության բողոքների եւ առաջարկություննեի «Թեժ գիծը»:
Կարճ ժամանակ անց ՊԵԿ-ի կառուցվածքում, ներդրվել է նաեւ հարկային մարմնի «Թեժ գծի» ծառայությունը: Երեք տարվա գործունեության արդյունքում պարզ է դարձել` Պետական եկամուտների կոմիտեում »Թեժ գծի» գործարկումն արդարացված է. այդ ժամանակահատվածում մաքսային եւ հարկային ծառայությունների »Թեժ գծերի» միջոցով արդեն իսկ օպերատիվ լուծում է տրվել տնտեսվարողներին հուզող շատ խնդիրների, ոլորտային հարցերի վերաբերյալ մասնագիտական պարզաբանում են ստացել հազարավոր քաղաքացիներ:
Այժմ »Թեժ գծերի» գործառույթը փոխանցվել է նորաստեղծ «Call center»-ին կամ Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնին, որը կաշխատի առավել կատարելագործված մեխանիզմով: «Մենք ուսումնասիրել ենք միջազգային առաջադեմ փորձը, եւ այն տեղայնացնելու ենք նաեւ մեր սպասարկման կենտրոնում:
Այսօր ժամանակակից հարկային-մաքսային վարչարարություն կիրառող բոլոր երկրներն ունեն հեռախոսազանգերի սպասարկման նման կենտրոններ: ՊԵԿ-ի «Call center»-ը նույնպես հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ անհրաժեշտ նորագույն սարքավորումներով»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Ըստ Ա. Ալավերդյանի` հնարավոր է, որ մինչեւ տարեվերջ` բացի հեռախոսազանգերից, կենտրոնում ներդրվեն նաեւ էլեկտրոնային հաղորդակցության մյուս տեսակները:
«Հայաստանում սա ծառայության բոլորովին նոր տեսակ է, որի նպատակն է` օպերատիվ տեղեկատվություն տրամադրել տնտեսվարողին` հարկային-մաքսային օրենսդրության շրջանակներում, իսկ այն հարցերը, որոնց մեր աշխատակիցները պատասխանելու իրավասություն չեն ունենա, դարձյալ անպատասխան չեն մնա»,- ասել է Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի տնօրեն Անահիտ Հունանյանը: Նշենք, որ «Call center»-ի փորձնական գործարկումը կսկսվի հուլիսի 25-ից:




























