Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը թույլ չի տա, որ Պակիստանը միակողմանիորեն պատնեշներ կառուցի Դյուրանդի (որը Քաբուլը չի ճանաչում) գծով անցնող սահմանին։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Zee TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով «Աֆղանստանի իսլամական էմիրության» պաշտպանության նախարարությանը։

«Աֆղանստանի իսլամական էմիրությունը» թույլ չի տա, որ Պակիստանը շարունակի միակողմանիորեն ինժեներական շինություններ կառուցել երկու երկրների միջեւ սահմանին, որն անցնում է աֆղանստանցիների կողմից չճանաչված Դյուրանդի գծով։ Կառավարական խորհրդակցությունների ժամանակ կընդունվի որոշում հետագա քայլերի մասին՝ ի պատասխան Պակիստանի գործողությունների,- հեռուստաալիքը մեջբերում է թալիբների ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարար նշանակված Մուհամադ Յակուբ Մուջահիդին։- Մենք գործելու ենք մեր ղեկավարության բոլոր ցուցումներին համապատասխան», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Պակիստանի ներքին գործերի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմադը հայտարարել էր, որ Աֆղանստանի հետ սահմանին պատնեշների կառուցումն ավարտված է ավելի քան 90 տոկոսով։

Պակիստանը Աֆղանստանի հետ սահմանին 2 611 կիլոմետր երկարությամբ ինժեներական շինությունների կառուցումն սկսել է 2017թ.՝ ահաբեկչության եւ «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» արմատական կազմակերպության գրոհայինների ներթափանցման կանխման նպատակով։ Սահմանի ավելի քան 800 կիլոմետր երկարությամբ կառուցված են պատնեշներ եւ 388 կրակակետեր սահմանապահների համար։