Գերմանիայի իշխանությունները հուլիսի 20-ի գիշերը բացել են Հիտլերի զինակիցներից մեկի` նրա տեղակալ Ռուդոլֆ Հեսի գերեզմանը: Հարազատների համաձայնությամբ, նրա մասունքները էքսգումացիայի են ենթարկել (շիրիմից հանել են): Նրա մարմինը կայրեն, իսկ մոխիրը շաղ կտան ծովում: Ակցիան կազմակերպվել է նեոնացիստների դեմ պայքարի շրջանակներում, ում համար Հեսսի գերեզմանըուխտագնացության վայր էր դարձել, հաղորդում է lenta.ru-ն` վկայակոչելով Suedeutche Zeitung-ը:
1987-ից ի վեր գերմանացի ծայրահեղ աջերը բազմաիթվ անգամ երթեր են կազմակերպել դեպի Ռուդոլֆ Հեսի գերեզման եւ պսակներ դրել այնտեղ:
2005-ից սկսած տեղի իշխանությունները արգելել են նմանատիպ երթերի անցկացումը:
Նացիոնալ-սոցիալիստական շարժման վաղ շրջանում Հեսը Ադոլֆ Հիտլերի ամենավստահելի եւ մոտ մարդկանցից մեկն էր: Հիտլերը նրան է թելադրել իր հայտնի Mein Kampf-ի տեքստը: Երկար ժամանակ Հեսը համարվում էր գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության երկրորդ մարդը եւ Հիտլերի ամենահավանական հետնորդը` Գերման Գերինգից հետո:
Համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Հեսին դատապարտել են ցմահ բանտարկության: Նա բանտում է անցկացրել 40 տարի, որտեղ 1987 թվին նրան գտել են կախված:



























